Հայաստանի Ավտոմոբիլային Ֆեդերացիան ամփոփեց 2017թ. արդյունքները

Ս.թ. դեկտեմբերի 23-ին ՀԱՖ գրասենյակում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած տարեվերջյան միջոցառումը:  

 

 

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած ՀԱՖ անդամներ՝ Միշա Սիրադեղյանի և Սարո Գալենցի հիշատակը:

Այնուհետև ՀԱՖ անդամատոմսեր տրվեցին Հակոբ Քեխեյանին և Աշոտ Մուրադյանին:

ՀԱՖ նախագահի հրամանի համաձայն.

  • III կարգի մրցավարի վկայական տրվեց Դավիթ Գևորգյանին և II կարգի մրցավարի վկայական՝ Ստեփան Մարտիրոսյանին:
  • Ավտոսպորտի I կարգի մարզիկի կոչուման վկայականներ ստացան Տիգրան Մկրտչյանը և Հրաչ Աբրահամյանը:

ՀԱՖ նախագահության որոշմամբ ՀԱՖ պատվավոր անդամի կոչում ստացած Գարեգին Սիմոնյանին տրվեց կոչումը փաստող հավաստագիր:

 

 

ՀԱՖ նախագահ Գագիկ Աղաջանյանը ներկաներին տեղեկացրեց ուրախալի լուրը, այն մասին, որ ֆեդերացիայի ներկայացմամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրամանով ՀՀ սպորտի վարպետի կոչում է շնորհվել 2016-17 թթ. Լեռնային մրցավազքի բացարձակ դասում Հայաստանի չեմպիոն դարձած Վարդան Մկրտչյանին: Նա ընդգծեծ, որ սա առաջին դեպքն է անկախ Հայաստանի պատմության մեջ և սպորտի վարպետի վկայականն ու կրծքանշանը հանձնեց հասցեատիրոջը:

 

 

ՀԱՖ նախագահը հատուկ ընդգծեծ Վրաստանում ութ երկների ավտոֆեդերացիաների մասնակցությամբ անցկացված «Լեգենդը Լեգենդում» միջոցառման հայ վետերան-մասնակիցներ՝   Գարեգին Սիմոնյանի և Ալեքսանդր Խաչատրյանի, կարելի է ասել, սխրանքը, որոնք ոչ այնքան սարքին մեքենաներով կարողացան գրավել չորրորդ տեղը: Դրա համար նրանց տրվեց շնորհակալագրեր:

 

 

Շնորհակալագրերի արժանացան նաև 2017 թ. մրցությունները սպասարկած ՀԱՖ մրցավարները և մարշալները, ինչպես նաև դրանց ընթացքում խիզախություն ցուցաբերած Էդուարդ Եղյանը, Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Մանուկյանը, Հրաչ Աբրահամյանը, Սարգիս Կարապետյանը և Սասուն Փարսադանյանը:

ՀԱՖ շնորհակալագրերի արժանացան նաև «ՍԻԼ Ինշուրանս» կազմակերպությունը, Մաքսային ծառայության աշխատակից Լիլիթ Ավետիսյանը և «Ավրորա» Ռադիոկայանը՝ ավտոսպորտի զարգացման և ճանապարհային երթևեկության անվտանգության գործում իրենց նշանակալի գործունեության համար:

Իրենց վաստակած մեդալները ստացան.

  • Դրիֆտ Շոու «Ժամանակի հաղթահարում» մրցության A-1600, E2SH 1600, 3000+ դասերի հաղթողները, ինչպես նաև «բացարձակ» դասում առաջինից երրորդ տեղերը գրաված Վարդան Մկրտչյանը, Արմեն Բոյաջյանը և Տիգրան Մկրտչյանը:
  • Լեռնային մրցավազքի 2017 թ. Հայաստանի առաջնության A-1600, E2SH 1600 դասերում հաղթողները և «բացարձակ» դասում առաջինից երրորդ տեղերը գրաված Վարդան Մկրտչյանը, Լյուդվիգ Երմազյանը, Արսեն Մանուկյանը:
  • Կանանց ձևավոր վարման ՀԱՖ գավաթի խաղարկության հաղթող Ռուզան Ստեփանյանը և երկրորդ ու երրորդ տեղերը գրաված Գոհար Տեր-Անտոնյանը և Հռիփսիմե Ջանգիրյանը:

 

 

Միջքոցառումն ավարտվեց տոնական ֆուրշետով: